top of page

ՏՈՀՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՏԱՆՆ ԱԹԱԲԷԿԵԱՆՑ

Աթաբեկյանների իշխանանիստ ամրոցը

Աթաբեկյանները հայ իշխանական տոհմ են և հանդիսանում են Հասան-Ջալալյանների կրտսեր ճյուղը։  Տոհմը առաջացել է XV դարում։  Տոհմի նահապետն էր իշխան Աթաբեկ III Հասան-Ջալալյանը, իշխան Ջալալ III Հասան-Ջալալյանի հինգերորդ որդին, ով որպես ժառանգություն ստացավ հայրական տիրույթի՝ Խաչենի իշխանության հյուսիս-արևելյան մասում գտնվող Տրտու և Չորտանձուտինջուր (Կուսապատ) գետերի միջև գտնվող տարածք:  Ըստ տոհմական ավանդապատումների, իշխան Աթաբեկ III-ը նախ վերակառուցեց Ջրաբերդ ամրոցը, ըստ այդմ նա հայտնի դարձավ որպես Աթաբեկ Մեծ Ջրաբերդցի։  Այնուհետև իշխան Աթաբեկը սկսեց Կուսապատ բերդի շինարարությունը, որը, ավաղ, մնաց կիսատ պատերազմում իշխանի զոհվելու պատճառով (այստեղից էլ Կուսապատի անվանումը՝ «կիսատ պատ»): 

 

Չնայած այդ ցավալի հանգամանքին, Աթաբեկյան տոհմը ամրացավ և հզորացավ Ջրաբերդում ու Կուսապատում և, որոշ ընդհատումներով, տիրակալեց ընդհուպ մինչև XVIII-XIX դարերը՝ մինչ նշանավոր իշխան Իվանե (մելիք Վանի) Աթաբեկյանը:  Վերջինս արցախահայությանը փրկեց ցեղասպանությունից, իր մելիքական զորքով մասնակցեց Արցախի և Հայոց արևելից կողմանց ազատագրմանը (այդ թվում նաև 1805 թ. հունիսի 24-27-ի Տրտուի և 1812 թ. հոկտեմբերի 20-ի Ասլանդուզի ճակատամարտերում), և տիրակալեց Ջրաբերդում ընդուպ մինչև 18750-ական թվականները, վերականգնելով մի շարք ավիրված հայկական բնակավայրեր. Այդ թվում Մարտակերտը, Հոռաթաղը, Մոխրաթաղը, Մեհմանան, Ծաղկաշենը, Վարդաձորը և այլը, իսկ Կուսապատում հիմնեց Արցախում առաջին համակրթական դպրոցներից մեկը:

 

Չնայած նրան, որ պարսկական հալածանքներից փրկվելով, Աթաբեկյան տոհմի մի մասը XIX դարի սկզբում Ջրաբերդից ստիպված տեղափոխվեց Տավուշ (որտեղ Աթաբեկյանները մի շարք բնակավայրեր հիմնեցին կամ վերականգնեցին), տոհմը պահպանեց իր տիրույթներն ու ազդեցությունը Արցախում:

ԱԹԱԲԵԿՅԱՆ ՏԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԵՎ ՏՈՀՄԱՊԵՏԱԿԱՆ ՑԱՆԿԸ

Աթաբեկ I Մեծ Ջրաբերդցի (հիշատակված է 1411 թ.)

Այդին (հիշատակված է 1495 թ.)

Սարգիս I

Աթաբեկ II Յուզբաշի Ջրաբերդցի (հիշատակվում է 1678 թ.)

Վանի I և Ղուլի-բեկ (Վանի իշխանի գերդաստանը տեղափոխվեց Վրաստան, այնուհետև Ռուսաստան։ Ավագությունը անցավ Ղուլիին)

Սարգիս II

Հարություն (Թունի) (18-րդ դար)

Մելիք Վանի II Աթաբեկյան (1766 – 7 մարտի 1854)

[տոհմը տրոհվում է և տարածվում]

Խաչատուր

Սահակ-Ասատուր (1906 - 1997)

Հրաչ (30 հունիսի 1938 - 6 դեկտեմբերի 2014)

 

ՆՇԱՆԱՎՈՐ ԱԹԱԲԵԿՅԱՆՆԵՐ

 

Աթաբեկյաններից են սերում Հայքի և արտերկրի մի շարք ականավոր քաղաքական, զինվորական, գիտական և մշակությաին գործիչները։  Տոհմի ամենահայտնի ներկայացուցիչը իշխան Իվանե (մելիք Վանի) Աթաբեկյանն էր՝ Ջրաբերդի վերջին տիրակալը, ով մեծ դեր խաղաց Արցախի և արևելյան Հայքի ազատագրման գործում։ Սույն տոհմից են նաև.

* ռուսական ականավոր գեներալ Անդրեյ Աթաբեկյանը (Աթաբեկով)

* քաղաքական գործիչ Ալեքսանդր Աթաբեկյանը

* Ռուսական Պետական Դումայի անդամ Հովսեփ Ներսեսի Աթաբեկյանը

* Հայաստանի (1918-1920 թթ.) կրթության նախարար Միքայել Աթաբեկյանը

* ինժեներ Սուրեն Խաչիկի Աթաբեկյանը (Միլի ուղղաթիռներ)

* գունավոր մետալուրգիայի ինժեներ, տոհմապետ Հրաչ Աթաբեկյանը

* ակադեմիկոս Հովսեփ Աթաբեկյանը

* քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏԱՆԸ ՆՇՎՈՂ ՄԻԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏՈՀՄԱԿԱՆ ՏՈՆԵՐՆ

ՈՒ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԸ

1 հունվարի (1813 թ.)                  Իշխան Հովհաննես Աթաբեկյանը իր հեծելազորով մասնակցում է

                                                        Լենկորանի ազատագրմանը:

 

6 հունվարի (1198 թ.)                  Նորին Արքայական Մեծություն Լևոնի թագադրությունը Կիլիկյան Հայքում:

 

7 մարտի (1854թ.)                        Իշխան Հովհաննես Աթաբեկյանը մահացավ Կուսապատում, Ջրաբերդի Իշխանություն:

 

10 հունիսի (1128 թ.)                   Նիշագիտության Միջազգային Օր

 

7 հուլիսի (1992 թ.)                      Կուսապատի հիշատակի օր:

                                                        Այս օրը ազերբեյջանցի թաթարները զավթեցին Կուսապատը:

 

22 հուլիսի (1240 թ.)                    Գանձասար վանքի օծման օր

 

11 օգոստոսի (մ.թ.ա. 2492 թ.)   Հայոց Միապետության տոն. Հայոց Նահապետ Հայկը հաղթեց Բելին և Հայքում   

                                                        հաստատեց հայոց միապետությունը:

 

19-20 հոկտեմբերի (1812 թ.)      Իշխան Հովհաննես (մելիք Վանի) Աթաբեկյանը մասնակցեց Ասլանդուզի  

                                                        ճակատամարտին: Ռուս-հայկական զորքը ջախջախեց պարսից Աբբաս-Միրզա

                                                        արքայազնի 30-հազարանոց պարսից զորախումբը, որը պատրաստվում էր անցնել

                                                        Արաքսը և հարձակվել հայոց Արցախի վրա։

 

15 նոյեմբերի (1256 թ.)               Հայ Ասպետության տոն

                                                        Ն.Ա.Մ. Հեթում Արքան ասպետացրեց իր անդրանիկ որդուն՝ արքայազն Լեւոնին:

 

18 նոյեմբերի                                Արամ նահապետի օր

 

26 դեկտեմբերի (424 թ.)             Հայ Ազնվականության տոն:

                                                       Պարսկական թագավորական դիվանում հայտնաբերվեց Հայոց Արքունի Գահնամակը:

 

705 թ.                                            Կրակի տարի: Հայ իշխանների ցեղասպանություն Նախիջևանում և Խրամում արաբ

                                                       զավթիչների կողմից:

 

1714 թ.                                          Ստորագրվեց Արցախի Մելիքաց Դաշնագիրը:

                                                       Ստեղծվեց Արցախի Մելիքական Հնգյակը (Խամսայի Մելիքությունները):

 

1766թ.                                           Իշխան Հովհաննես (մելիք Վանի) Աթաբեկյանը ծնվեց Կուսապատում:

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄՆԵՐ
Աթաբեկյանների տոհմի 11 ջրաղացներից մեկը

Տոհմիկ ավանդապատումներն ամեն մի գերդաստանի բանավոր հարստությունն են և, դրա հետ մեկտեղ, հանդիսանում են համայն ժողովրդի ազգագրական և պատմամշակութային ժառանգության կարևորագույն մասունքները:  Չնայած այն հանգամանքին, որ դրանք հաճախ պարունակում են անճշտություններ և երբեմն էլ փաստերը ներկայացնում են չափազանցրած տեսքով, այն ու ամենայնիվ, ավանդապատումները սովորաբար հիմնված են որոշակի պատմական դեպքերի վրա և կարևոր ազգագարական նյութ են պարունակում, պահպանելով և ապագա սերունդներին փոխանցելով կարևոր պատմական դրվագների մասին տոհմիկ հուշեր:  Տոհմիկ ավանդապատումների պահպանումն ու ուսումնասիրությունը տոհմի անդամների պատվավոր պարտականությունն է:

 

Աթաբեկյանների տոհմի մասին ավանդապատումներից է Ջրաբերդ ամրոցի հիմնադրման մասին պատմությունը։ Ըստ դրա, մի օր իշխան Աթաբեկն իր ծառաներով ու թիկնապահներով որսի է գնում Տրտույի (Թարթառի) անտառներում։  Հեծյալ հետապնդելով մի եղնիկի, իշխանը կտրվում է իր ծառաներից ու թիկնապահներից, խորաում է անտառի մեջ և հասնում է մի ժայռի, որտեղ ականատես է լինում, թե ինչպես է եղնիկն անհետանում ժայռի մեջ (իրականում, Ջրաբերդի ժայռն ունի ստորգետնյա գաղտնուղի)։  Սպասելով իր ծառաների ժամանմանը, իշխան Աթաբեկը տեսնում է մի այլ զարմանալի տեսարան. մի սպիտակ արծիվ Տրտու գետի ափից ճանկերով քարեր է վերցնում և, ճախրելով, բարձրացնում է ժայռի վրա։  Զարմացած իշխանը բարձրանում է ժայռի գագաթն ու տեսնում այդ ժայռի վրա կուտակված քարերը։ Երբ ծառաները հասնում են տեղ, իշխանը հրամայում է ժայռի վրա բերդ կառուցել. այդպես հիմնվում է Ջրաբերդը։  Պատմությունից հայտնի է, որ իրականում Ջրաբերդը կառուցված էր դեռևս Արշակունի արքաների օրոք և հիշատակվում է VII դարից, իսկ ավանդապատումը հիշատակություն է առ այն, որ Ջրաբերդը վերանորոգվել և ամրացվել է իշխան Աթաբեկի հրամանով։

 

Այլ ավանդապատումը Աթաբեկյանների ոստան Կուսապատ բնակավայրի հիմնադրման մասին է։  Ըստ դրա, իշխան Աթաբեկ Ջրաբերդիցին հրամայում է մեկ այլ ամրոց կառուցել Չորտանձուտինջուր գետի ափին։ Հպատակները շինարարությունը սկսում են, սակայն շուտով պատերազմ է սկսվում, և իշխանը մեկնում է ռազմի դաշտ։  Մարտի ժամանակ նա ծանր վիրավորվում և զոհվում է։  Մահից առաջ, իշխան Աթաբեկը ափսոսանքով բացականչում է. «Կիսատ պատս մնաց»:  Այդպիսով, ամրոցի պատերը մնում են կիսատ. արցախյան բարբառով՝ «կուսապատ» (կիսատ պատ), որից և առաջանում է բնակավայրի անվանումը։ Ի դեպ, Ջրաբերդի իշխանության բնակիչները Կուսապատը երբեք «գյուղ» չէին անվանում, այլ կոչում էին «մէլիքանց շեն» կամ ուղղակի «շեն», որն իր նշանակությամբ մոտ է «ավան» իմաստին: Կուսապատի մեկ այլ անվանումը՝ Ծառաքար է. այդ անվանումը (սխալմամբ՝ Ծիրանաքար փոքր ինչ աղավաղված տեսքով) հիշատակված է Մեսրոբ Թաղիդեանցի «Ճանապարհրորդութիւն ի Հայս» գրքում: Անվան բացատրությունն այն է, որ Կուսապատ բերդի կիսատ մնացած շինությունները հետագայում անտառապատվեցին-ծառապատվեցին, ինչից և առաջացավ երկրորդ անվանումը: Բերդի ավերակները մինչ օրս նշմարվում են Կուսապատի անտառոտ հատվածում: 

 

XVIII ընթացքում և XIX դարի սկզբում Աթաբեկյանների մի քանի ընտանիքներ տեղափոխվեցին հայոց Տավուշի նահանգ, սկիզբ դնելով Աթաբեկյան իշխանատան Տավուշի ճյուղը: Այդ մասին է հիշատակում Տավուշի Աթաբեկյանների ճյուղում տարածված մեկ այլ ավանդապատում՝ Աթաբեկյանների յոթ եղբոր տեղափոխությունը Ջրաբերդից Տավուշ, որտեղ նրանք հիմնեցին յոթ գյուղ. նախ՝ Մելիքգյուղը (1946 թվին կոմունիստների կողմից վերանվանվեց Ներքին Ծաղկավան), Աչաջուր, Սարիգյուղ, Մոսեսգյուղ (Մովսեսգյուղ), Լալիգյուղ (1970-ականներին կոմունիստների կողմից վերանվանվեց Վազաշեն)։  Սույն ավանդապատումը ժողովրդական հիշատակ է իրականում XVII-XIX դարերում Արցախից դեպի Տավուշ և Լոռի հայ բնակչության տեղափոխությունների վերաբերյալ։  Ըստ վերջին մարդահամարի, Աթաբեկյանները իրոք զգալի թիվ են կազմում վերոհիշյալ բնակավայրերում։

Ջրաբերդ
bottom of page